2,978 view
ՏԻՄ-ի և շահագրգիռ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցառումներ Աքորիում և Օձունում
13.06.2015
Ալավերդու Օրհուս կենտրոնը մայիսի 25-ին Աքորի և մայիսի 27-ին Օձուն համայնքներում կազմակերպել էր ՀՀ բնապահպանական օրենսդրության և Օրհուսի կոնվենցիայի լուսաբանման դասընթացներ: Նպատակը համայնքների ՏԻՄ-ի և շահագրգիռ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն էր: Ուսուցողական դասընթացներին ներկա էին գյուղապետարանների աշխատակիցներ, ավագանու անդամներ, երիտասարդներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև՝ Օրհուս կենտրոնի կամավորներ: Նրանց ներկայացվեց ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների, ՀՀ բնապահպանական ազգային օրենսդրության և

սահմանադրության մասին տեղեկատվություն, ապա մանրամասնորեն լուսաբանվեց Օրհուսի կոնվենցիան: Ներկաների մեծ մասն առաջին անգամ էին տեղեկանում կոնվենցիայի մասին:

Օրենսդրությամբ ամրագրված ՏԻՄ-ի և հասարակության պարտավորությունների մասին հանգամանալից տեղեկանալը բազմաթիվ հարցեր առաջացրեց մասնակիցների շրջանում: Օձունում մասնակիցների այն հարցին, թե ի՞նչ է տալիս այդ կոնվենցիան հասարակությանը, կենտրոնի կամավորները ներկայացրին կոնկրետ օրինակներ, թե ինչպես են մասնակցել համայնքի համար կարևորագույն որոշումների ընդունմանը նախնական փուլից սկսած, թե ինչպես հասարակությունը տեղեկատվություն ստանալու և այն տնօրինելու հնարավորություններ ունի: Ակտիվ քննարկման ընթացքում համայնքների բնակիչներ ոգևորությունն ակնհայտ էր, ինչի ընթացքում նրանք կարծիքներ հայտնեցին, վերհանեցին համայնքին հուզող առաջնային հարցերը: Համայնքներում չլուծված խնդիրները բազմաթիվ էին:

5000-ին մոտ բնակչություն ունեցող Օձունում նշված հարցերից հրատապ էին համարում աղբավայրի, կոյուղաջրերի մաքրման կայանի, ճանապարհների ասֆալտապատման, օդի աղտոտվածության, հողերի դեգրադացիայի, էներգախնայողության, գյուղմթերքի իրացման, աղվեսների շատացման և բերքի վնասատուների դեմ պայքարի խնդիրները: Հարցեր, որոնք միայն համայնքի սուղ բյուջեով հնարավոր լուծումներ չունեն: Աքորի գյուղում առաջնային էին համարում առողջապահական խնդիրները, ինչն անմիջապես կապվում էր օդի աղտոտվածության հետ:

Նշված համայնքներում խոսվեց բնապահպանական սուբվենցիաների պակասեցման, ինչպես նաև 2016-ին դրանց զրոյացման մասին:

Ներկաները բարձր գնահատեցին իրազեկման միջոցառումների անցկացումը և համայնքի խնդիրների վերհանումը: Մասնակիցներին առավել ոգևորեց իրենց գյուղերից Օրհուս կենտրոնում կամավորներ ունենալու հանգամանքը, որն ընկալեցին որպես «գյուղի լիազոր դեսպաններ» բնապահպանական հարցերով: Կարևորվեց Օրհուս կենտրոնի հետ համագործակցությունը, միասնականությունը և համայնքի խնդիրների և իրենց իրավունքների պաշտպանության հետևողականությունը:

Մասնակիցների ցուցակ` Աքորի

Մասնակիցների ցուցակ` Օձուն

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am