542 view

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի 2015թ.ի առաջին կլոր սեղանի նյութերի ամփոփում

10.06.2015
2015թ. մայիսի 26-ին ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նիստերի դահլիճում, կենտրոնի կողմից իրականացվող <<Աջակցել կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը բնապահպանական հարցերի լուծման գործընթացներում>> ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր կլոր սեղան “ՀՀ մետաղական հանքավայրերի արդյունահանման հետ կապված առանցքային հարցերը” թեմայով: Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը,

«Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր փորձագետ, փորձագիտական խմբի համակարգող-ղեկավար Գևորգ Դանիելյանը և ՀԿ-ի գլխավոր տնօրեն Համլետ Բատիկյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների PR պատասխանատու Մարի Չաքրյանը և Գավառի Օրհուս կենտրոնի ղեկավար Լիաննա Ասոյանը, Պահպանենք Թեղուտը ՀԿ-ից Արթուր Գրիգորյանը, Էկոլոգիական ակադեմիա ՀԿ-ից Գրետա Գաբրիելյանը, Քաղաքական, իրավական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների կենտրոնի (PLERF – the Center for Political, Legal and Economic Research and Forecasting) գիտաշխատող Վահագն Խաչատուրյանը, Սիվիլ Վոյս ՀԿ-ից Բաբկեն Հարությունյանը, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնից Կարեն Նազարյանը և Մերի Գալստյանը, Կայուն զարգացման կենտրոնի փորձագետներ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ուրիշներ: Կլոր սեղանը լուսաբանվեց ԵՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության վարչության կողմից (http://ysu.am/news/hy/The-subsurface-of-Armenia-in-focus-of-specialists):

Միջոցառումը բացեց ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսեսյանը, ով ներկայացրեց հանդիպման նպատակը և քննարկվող թեմաները: Ռ. Մովսեսյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, իր ելույթում նախ անդրադարձավ կենտրոնի կողմից մինչ այդ իրականացված աշխատանքների արդյունքներին, որոնք արդեն առաջարկությունների և առանձին կետերի տեսքով տեղ են գտել ՀՀ ընդերօգտագործման ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման և օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծային փաստաթղթերում և ՄԱԿ-ի <<Ռիո+20>>-ի իրականացմանն ուղղված Հայաստանի Ազգային զեկույցի համապատասխան բաժինների հայեցակարգային մոտեցումներում:

Քննարկման առաջին հարցը նվիրված էր ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերին և նշանակությանը: Այս մասին հանդիպմանը զեկուցեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը: Նա ներկայացրեց վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ում իրականացված հանքարդյունաբերական աշխատանքների հիմնական բնութագիրը, ինչպես նաև բերեց համեմատականներ սովետական տարիներին նույն Քաջարանի հանքավայրի շահագործման տնտեսական ցուցանիշների միջև: Չի կարող հանքարդյունաբերությունն այդքան ցածր դեր ունենա երկրի ՀՆԱ մեջ, դա հավանաբար պայմանավորված է հանքավայրերի, հանքային ռեսուրսների արդյունահանման գործընթացների սխալ կառավարմամբ,- նշեց բանախոսը:

ՀՀ մետաղական հանքավայրերի արդյունահանման հետ կապված առանցքային հարցերի շուրջ խոսեց կենտրոնի փորձագետ, ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ, երկր.-հանք. գիտ. թեկ. Շահեն Խաչատրյանը: Բանախոսն իր զեկույցում անդրադարձավ լեռնահանքային արդյունաբերական համալիրների աշխատանքների հաշվետվողականությանն ու դրանց որակին, կիրառվող տեխնոլոգիական գործընթացների արդիականությանը, հանքավայրերի արդյունահանման և հանքաքարերի հարստացման գործընթացների վերահսկողությանը, լիցենզիաների տրամադրմանը, աշխատանքային նախագծերին, պաշարների շարժի իրականացմանն ու պոչանքային տնտեսություններին: Նա հատկապես հատուկ ընդգծեց լեռնահանքային արդյունաբերական համալիրների մասնագիտական վերազիննման հարցը, շատ ընկերություններ այսօր չունեն համապատասխան մասնագիտացված ծառայություններ՝ լեռնաերկրաբանական, մակշեյդերական և այլն: Եղած մասնագետներն էլ անպայման պետք է անցնեն վերապատրաստումներ և ատեստավորվեն: Հաջորդ խնդիրը վերաբերվում է լաբորատորիաներին, վերջիններս չեն անցնում համապատասխան լիցենզավորում և նրանց կողմից արված նմուշների անալիզները չեն կարող հավաստի լինել:

Հիմնական զեկուցումներին հաջորդեցին հարց ու պատասխանները, որոնք վերաբերվում էին ինչպես բուն քննարկվող թեմաններին, այնպես էլ դրանց հետ սերտորեն կապված մի շարք այլ հարցերի: Հարցադրումները հատկապես ծավալվեցին պոչամբարների, վերջիններիս որպես թափոնների օրենսդրական դաշտում կարգավորման, նրանց դիմաց վճարների գանձման, պոչերի որպես տեխնածին հանքավայր դասակարգման և այլ հարցերին: Այս թեմայի շուրջ բազմաթիվ հարցադրումներ արվեցին իրավաբան Արթուր Գրիգորյանի կողմից:

Քաղաքական, իրավական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների կենտրոնի գիտաշխատող Վահագն Խաչատուրյանը ամփոփ թվերով ներկայացրեց վերջին տարվա ընթացքում ՀՀ ՀՆԱ-ում արդյունաբերության և դրա առանձին ճյուղերի տնտեսագիտական ցուցանիշները, համեմատելով վերջիններս գյուղատնտեսության ու տնտեսության մյուս առավել կարևոր ճյուղերի համապատասխան ցուցանիշների հետ: Նա նշեց, որ այդ թվերը հատուկ ուշադրության և մանրամասն վերլուծության կարիք են զգում, սա միայն նախնական տվյալներ են և հետագայում ենթարկվելու են ավելի մանրամասն ուսումնասիրությունների:

Եզրափակելով հանդիպումը, կենտրոնի ղեկավար Ռ. Մովսեսյանն իր շնորհակալությունն հայտնեց մասնակիցներին և նշեց, որ քննարկման արդյունքում առաջ քաշված հարցերը հիմք կհանդիսանան կենտրոնի կողմից կատարվող ծրագրի շրջանակներում աշխատանքների հետագա ուղղությունների հստակեցման և նշված հարցերի վրա առավել մեծ ուշադրության անդրադարձման համար:

Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոն