2,990 view

Հանրային քննարկում Զորավան համայնքում՝ «Նորագյուղի» անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության վերաբերյալ

06.06.2015
Մայիսի 27-ին Զորավան համայնքում տեղի ունեցավ ՀՀ Կոտայքի մարզի «Նորագյուղի» անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամները, «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ու համայնքի բնակիչները։
«Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն 20.10.2012թ․ից թույլատրություն է ստացել շահագործելու ՀՀ Կոտայքի

մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտի հանքավայրը, այդ ժամանակաշրջանից մինչ այսօր կատարվել են ներդրումներ, ստեղծվել են աշխատատեղեր և այլն։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել հանքի արդյունահանումը։

Համայնքի ղեկավարը ներկայացրեց «Նորագյուղի» անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման նախագիծը, հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ հարցը՝ ներկայացնելով համայնքի վարչական սահմաններում «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող աշխատանքների իրականացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է մի շարք բնապահպանական միջոցառումներ, այդ թվում բացահանքի արդյունաբերական հրապարակի շրջակայքում հնարավոր չափով կանաչապատում թփուտներով, փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների /աշխատանքային հրապարակներ, հանքախորշեր, լցակույտերի դեպի լցակույտեր տանող ավտոճանապարհը և այլն/ ինտենսիվ ջրում տարվա չոր-շոգ եղանակներին, ինչպես նաև դիզելային շարժիչներով աշխատող լեռնատրանսպորտային սարքավորումների վրա խլացուցիչների և արտանետվող գազի հոսքի վրա զտիչների տեղադրում ՝ թունավոր խառնուրդների չեզոքացման համար և այլ միջոցառումներ։ Ներկայացրեց նաև հանքավայրի արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա դրական և բացասական ազդեցությունները։ Նշեց նաև, որ հանքի ընդլայնումը հետագայում կնպաստի համայնքի սոցիալ տնտեսական զարգացմանը՝ նոր աշխատատեղերի ստեղծմամբ։

Համայնքի բնակիչները նշեցին, որ որևէ խոչընդոտ չեն տեսնում նախատեսվող գործունեության վերաբերյալ, քանի որ հանքը գտնվում է բնակավայրից չորսից հինգ կիլոմետր հեռավորության վրա, հանքավայրի ընդլայնվող տարածքում չկան էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրատարներ, հանքավայրի կամ նրա հարակից տարածքներում չկան հատուկ պահպանվող տարածքներ, տարածքը զուրկ է բուսականությունից, չկան գետային ցանցեր։

Համայնքն իր հավանությունը տվեց «Նորագյուղի» անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվությանը և նրանում ներառված բնապահպանական միջոցառումներին։

Կից կարող եք տեսնել քննարկման արձանագրությունը, հանքի ընդլայնման նախագիծը և ընդլայնված բացհանքի շահագործման բնապահպանական կառավարման պլանը:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933