2,892 view

Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը Վիեննայում

05.06.2015
Վիեննայում ՝ Հոֆբուրգ համագումարների կենտրոնում, հունիսի 3-4 տեղի ունեցավ Օրհուս կենտրոնների 2015թ. տարեկան հանդիպումը: Հայաստանից մասնակցում էին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը, Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Բեյբությանը, Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը: Հանդիպմանը քննարկեցին շրջակա միջավայրի անվտանգությանն առնչվող այն բոլոր ասպեկտները, որոնցում Օրհուս կենտրոնները ունեն կամ կարող են ունենալ դերակատարություն:

Քննարկվեցին շրջակա միջավայրում կառավարման բարելավման առումով կառավարության և ՏԻՄ հետ համագործակցության, ջրերի անվտանգության, աղետների ռիսկերի կառավարման, կլիմայի փոփոխության, գենդերային և հանրությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու նորագույն գործիքները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Հալիլ Յուրդակուլ Յիգիթգուդենը՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք, ինչպես նաև Սերբիայի 2015 ԵԱՀԿ նախագահության նախարար խորհրդական Ջովիկա Սեկիկը, ով կարևորեց Օրհուս կենտրոնների դերը բնապահպանական ժողովրդավարութան կերտման գործում:

Գործընկերությանը և ցանցային աշխատանքին նվիրված հատվածում Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատուն ներկայացրեց, թե ինչպես են կենտրոնները ամենօրյա համաձայնեցված թիմային, ցանցային աշխատանք տանում՝ ի նպաստ շրջակա միջավայրի ոլորտում արդյունավետ կառավարման: Նշեց Հայաստանի Օրհուս կենտրոնների ՏԻՄ հետ համագործակցության հաջող փորձի, կենտրոնների շուրջը ձևավորված ակտիվ և խնդիրները խորությամբ ընկալող խմբերի ձևավորման մասին, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի հարցերով մյուս ծրագրերի համատեղության մասին՝ շեշտադրելով ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի և Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոնի փորձագիտական աջակցության կարևորությունը ընդերքի շահագործման հնարավոր հետևանքների, ազգային օերնսդրության բարելավման ու Օրհուսի կոնվենցիային համապատասխանեցման հարցերի մասին հիմնավոր տեղեկատվություն տարածելու գործում: Նշեց Օրհուս կենտրոնների բարի կամքի դեսպան Արամ Գաբրիելյանի, որպես հանրության սեփականությունը հանդիսացող ռեսուրսների արդյունավետ կառավարման մոդել քաղաքացիական շրջանառու հիմնադրամի գաղափարի ներդրման ուղղությամբ Օրհուս կենտրոնների հետ համագործակցությամբ մեկնարկած գործընթացի մասին: Բանախոսը որպես ցանցային աշխատանքը ի ցույց դնող հիմնական գործիք նշեց Հայաստանի Օրհուս կենտրոնների կայքը, որն այցելուներ ունի 110 երկրից:

Թափանցիկություն, հաշվետվողականություն և հանրության մասնակցություն բնապահպանական որոշումների կայացմանը խորագրով նիստում Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց Օրհուս կենտրոնների դերը որոշումների կայացմանը հանրության մասնակցությունը խթանելու գործում: Անդրադարձավ ինչպես ՀԷԿ-ի շահագործման, նոր պոչամբարի կառուցման, հանքի շահագործման, այնպես էլ օրենսդրական նախագծերին կենտրոնների ուղղորդմամբ հանրության ակտիվ և արդյունավետ մասնակցության մասին:

Photo: Riccardo Zennaro/ OSCE

Photo: Riccardo Zennaro/ OSCE

Որպես 14 երկրներում առկա 59 Օրհուս կենտրոնների ապագա գործունեության արդյունավետության խթան՝ կարևորվեց կենտրոնների միջև ընդհանուր կամ ռեգիոնալ մակարդակում համագործակցությունը, որի հաջող մոդել կարող է լինել Հայաստանի 15 կենտրոնների միջև ձևավորված ցանցային համակարգը: Այս հանդիպմանը համագործակցության հուշագիր ստորագրվեց Հարավարևելյան Եվրոպայի երկրների Օրհուս կենտրոնների միջև:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ. aarhusnews@gmail.com