2,954 view

Սևանա լճի ջրածածկված ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների ուսումնասիրում

02.06.2015
15.05.2015թ. թիվ AA-006 գրությունով, Գավառի Օրհուս կենտրոնից հարցում էր արվել ՀՀ Բնապահպանության նախարորություն՝ տեղեկանալու «Վոթերմաստեր կլասիկ 3» սարքի գոյության, գործունեության և ընդհանրապես Սևանա լճի ջրածածկված ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների վերաբերյալ (գրություն): Բնապահպանության նախարարությունը ոչ միայն պատասխանել էր գրությանը (պատասխան)՝ հարցերին կետ առ կետ անդրադառնալով, այլև Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողին առաջարկել համատեղ այց կատարել նշված տարածքներ՝ տեսնելու

«Վոթերմաստեր կլասիկ 3» սարքի և ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները: Օրերս այցելեցինք երկու տեղամաս՝ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակի, որտեղ աշխատանքներն ընթանում էին ջրում, և Նորատուսի տեղամաս, որտեղ աշխատանքներն ընթանում էին ցամաքում: Սևանի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկման վտանգի տակ գտնվող անտառների մաքրումն այժմ ընթանում է Նորատուսի և Ծովակի լճափնյա հատվածներում: Մաքրման աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Արարատ Քոչարյանի պնդմամբ, մայիսի 27-ի դրությամբ ծառերից, արմատներից և բուսական այլ համակեցություններից Նորատուսի հատվածում մաքրվել է 43, Ծովակում` 50 հա անտառածածկ տարածք:

2015թ.-ին նախատեսված է մաքրել 150 հա տարածք, որից 108 հա Վարդենիսի տարածաշրջանում, 42 հա՝ Նորատուսի: Անցած երեք ամիսների ընթացքում մաքրման աշխատանքներկը կիսով չափ կատարվել են: «Վոթերմաստեր կլասիկ 3» սարքի օգնությամբ նախատեսված է մաքրել նշված մակերեսից 15 հեկտարը, յուրաքանչյուր հա-ի մաքրման համար ծախսելով 1,2 մլն դրամ, ընդհանուր՝ 179.2 մլն դրամ: «Աշխատանքներն ընթանում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ճահիճներում և դեռևս չջրածածկված տարածքներում: Ջրի վրա լողացող տրանսպորտային մաքրող երկու միջոցներին պատրաստվում ենք ավելացնել երրորդը: Ճահիճներում կամ ցամաքի վրա աշխատում են 2 արմատահան բուլդոզեր, 2 էքսկավատոր և արմատահան կոճղերն ու բուսական մնացորդները տեղափոխող 4 բեռնատար մեքենա: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ, բայց, կարծում եմ, եղած տեխնիկական միջոցներով ու աշխատուժով կկարողանանք սահմանված ժամկետից ավելի շուտ ավարտել աշխատանքները»,- նշեց Արարատ Քոչարյանը: Մաքրման աշխատանքներում ձեռնարկությունը ներդրել է այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք ճարտարագիտական նորարարության մտահղացման արդյունք են` լիովին հարմարեցված նման բարդ տեղանքում աշխատելու համար:

«Աշխատանքներն առավել բարդ են ջրի մեջ ու ճահիճներում: Եթե չհնարեինք ու չկիրառեինք արմատահան անող, բեռնող, անհրաժեշտ այլ գործողություններ կատարող սարքերը, դժվար թե կարողանայինք այսքան սեղմ ժամկետներում նման ծավալի մաքրման աշխատանքներ իրականացնել»-ավելացրեց Արարատ Քոչարյանը: ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գրիշա Բաղդասարյանը մաքրման աշխատանքների դինամիկան դրական և որակը բարձր գնահատեց:

Սևանա լճի բարձրացման հետևանքով ջրածածկված կամ ջրածածկման վտանգի տակ գտնվող ափամերձ արհեստական անտառների մաքրումից առաջացած թափոնները վաղուց արդեն բնապահպանական լուրջ խնդիր են հարուցում: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԲՆ ԾԻԳ բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Թովմասյանից, հատված ծառերի արմատահանված կոճղերը և բուսական մյուս մնացորդները մեծ զանգված են կազմում և շրջապատի աղտոտման հերթական պատճառը հանդիսանում: «Արմատահանված կոճղերն ու ցախերը, բուսական մյուս թափոնները հիմա անտառը մաքրող կազմակերպության կողմից կտրվում և տեղափոխվում են լճափից հեռու, հնարավորինս անօգտագործելի վայրեր, սակայն դրամց կույտերն արդեն իսկ անհրապույր ու աղտոտ են դարձնում շրջակա միջավայրը, որն արդեն լրջորեն անհանգստացնում է թե՛ բնապահպաններին, թե տեղաբնակներին»,- նշեց Վարդան Թովմասյանը: Վերջինիս կարծիքով` լավագույն ելքն այդ հումքի և թափոնների հիման վրա բիովառելիքի արտադրություն կազմակերպելն է, որով կլուծվի ոչ այնքան մարդկանց էժան և մատչելի վառելիքով ապահովելու, որքան բնապապանական խնդիրը: «Մեր հաշվարկներով` Սևանի ափամերձ հատվածների մաքրումից տարեկան գոյանում է մինչև 5 հազար խմ կոճղարմատ ու թափոններ, որոնք բնակիչները նույնիսկ անվճար պայմաններում դժվարանում են օգտագործել: Բիովառելիքի արտադրության դեպքում արդեն լուծած կլինենք և՛ էժան վառելիքի, և՛ շրջակա միջավայրի մաքրության խնդիրը: Ծրագիրը ներկայացրել ենք ՀՀ բնապահպանության նախարարի ուշադրությանը և հաստատմանը, բիովառելիքի արտադրությունն ակնկալում ենք կազմակերպել միջազգային ֆինանսկան կառույցների օժանդակությամբ»,- նշեց Վարդան Թովմասյանը:

Թեպետ Օրհուս կենտրոնի նամակի 9-րդ կետի, այն է՝ «արձանագրվել են, արդյո՞ք, ջրածածկ կամ ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքների ոչ պատշաճ իրականացման դեպքեր», պատասխան է ստացվել, որ՝ «ոչ, չի արձանագրվել», Գավառ-Վարդենիս ճանապարհի տարբեր հատվածներում ականատես եղանք նախորդ տարիներին իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած արմատների կույտերի, որոնց համար այդ տարածքները օրենքով նախատեսված չեն եղել:

Այս հարցը մշտապես կմնա Գավառի Օրհուս կենտրոնի ուշադրության կենտրոնում, և պարբերաբար կկազմակերպվի այցելություններ Սևանա լճի ջրածածկ եղած ափամերձ հատվածներ:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող