2,540 view

Իրազեկման միջոցառում Դիտավան և Գետահովիտ համայնքներում

01.06.2015
Օրհուս կենտրոնների վերջին տարիներին իրականացրած բոլոր ակցիաներն ու իրազեկման միջոցառումները միանշանակ վկայում են, որ բնապահպանական հարցերի և խնդիրների իրազեկումը կոնկրետ համայնքներում կոնկրետ խնդրի շուրջ ավելի էֆեկտիվ արդյունք է ապահովում: Եթե Օրհուսի կոնվենցիան համարենք շրջակա միջավայրի հարցերում հասարակության մասնակցության ապահովման և արդարադատության երաշխավոր, ապա պետք է նշել, որ ՀՀ համայնքներում բնակչության, ՏԻՄ ներկայացուցիչների իրազեկման միջոցառումների իրականացումը նպաստում է նորանոր խնդիրների վերհանմանը և

փոխհամաձայնեցված արդյունավետ լուծումներին: Իջևանի Օրհուս կենտրոնը ևս հավատարիմ է այս սկզբունքին:

Այս ամսվա ընթացքում կենտրոնն իրազեկման միջոցառումներով հանդես եկավ Գետահովիտ և Դիտավան համայնքներում:

Մայիսի 19-ին Դիտավանում համայնքապետի և համայնքաբնակների մասնակցությամբ տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի հարցերում հասարակության մասնակցությունը» թեմայի իրազեկման միջոցառում-քննարկում: Որպես բանախոս հանդես էին գալիս Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգողը և համայնքապետը: Պետք է նշել, որ համայնքը հանդիսանում է մարզի փոքր, սակավաբնակ համայնքներից, որտեղ էկոլոգիական խնդիրների լուծումը առավել դժվար է միջոցների սղության պատճառով: Հիմնական խնդիրը համայնքում սողանքային ակտիվ գոտիների առկայությունն է, որի մի հատվածն ընդգրկում է համայն նշանակության ճանապարհը՝ վերջինս դարձնելով դժվարանցանելի և վտանգավոր: Հաջորդ խնդիրը վերաբերում է համայնքում աղբահանության համակարգի բացակայությանը, որն առաջացնում է համայնքամերձ տարածքների անկանոն աղտոտում: Առաջարկություններ եղան հավելյալ հետազոտում անցկացնել, իսկ աղբահանության համակարգի տեխնիկական միջոցների համար ծրագրով ներկայացավ վերադաս ղեկավարությունը:

Հաջորդ միջոցառում-քննարկումը մայիսի 29-ին էր՝ Գետահովիտ համայնքում, որտեղ համայնքապետի և համայնքաբնակների հետ միասին ակտիվ քննարկվեցին Խաչաղբյուր 1 և 2 ՀԷԿ-երի հիմնախնդիրները և դրա պատճառած էկոլոգիական ռիսկի կրճատման ուղղությամբ տարվող քայլերը: Համայնքապետը վստահեցրեց, որ անձամբ հետևում է այս խնդրին և այս տարի «Մեգաէներջի»-ի ջանքերով մոտ 1000 ծառ է տնկվել Գետահովիտի անտառամասում և իրականցվել են գետի հունի բարեկարգման աշխատանքներ: Համայնքաբնակները ևս առաջարկություններով հանդես եկան, որոնք վերաբերում էին հողերի որակական փոփոխություններին և համայնքապատկան հողերի արդյունավետ մշակման համակարգի ձևավորմանը:

Այս երկու քննարկում-միջոցառումների արդյունքում ևս պարզ դարձավ, որ մարզի համայնքներում առկա են խնդիրների լուծմամբ առավել շահագրգռված են տեղաբնակները և նրանց իրազեկվածությունը տվյալ խնդրի լուծման լավագույն տարբերակի որոնմանն է ուղղված ու հետագայում նմանատիպ խնդիրներից խուսափելուն:

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 93 00 70 10
Էլ-փոստ. info_ijevan@aarhus.am, david.ghazaryan.83@mail.ru