Հանրությունը դեմ է արտահայտվել Խաչաքար-Փարավան բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը
29.05.2015
Մայիսի 26-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ հանրային քննարկում: Նախաձեռնող «Սթորթրանս» ընկերությունը ներկայացրեց Խաչաքար-Փարավան բազմամետաղների հանքային դաշտում նախատեսվող երկրաբանահետախուզական փորձաքննության գործողությունները, որոնք ընդգրկում են Մեղրու տարածաշրջանի Վերին Վարդանիձոր, Տաշտուն և Վանք գյուղական համայնքների տարածքները: Սա միայն ծանուցման փուլն է: Նախքան ընկերությունը կստանա բնապահպանության նախարարության թույլատրելու կամ չթույլատրելու մասին եզրակացությունը առանձին համայնքներում ևս պետք է անցկացնի հանրային քննարկումներ:
«Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը նշեց, որ կտրականապես դեմ է լեռնահետախուզական գործողություններին, լեռնահանքային արդյունաբերությանը Մեղրու տարածաշրջանում, քանի որ նրանք թողնում են բզկտված լանդշավտ, խախտված էկոհամակարգ, աղտոտված մակերևութային և գրունտային ջրեր: Մեղրու տարածաշրջանում է գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ վտանգված բուսատեսակների ճնշող մեծամասնությունը: Լայնածավալ հանքարդյունաբերությունը կփչացնի Մեղրու տարածաշրջանի շրջակա միջավայրը, Մեղրիի հանրահայտ պտղաբուծությունը:
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը ևս հայտնեց իր կտրականապես դեմ լինելու մասին, քանի որ Մեղրին գյուղատնտեսական տարածաշրջան է և հայտնի է իր բարձրորակ պտուղ-բանջարեղենով, դրանցից պատրաստվող չրերով ու պահածոներով, մուրաբաներով ու գինիներով: Եվ քանի որ բնակչության ճնշող մեծամասնության եկամտի աղբյուրը պտղաբուծությունն է, նրա համոզմամբ , նախքան տվյալ տարածաշրջանում հանքարդյունաբերություն սկսելը, պետք է հանրությանը ներկայացնել տնտեսական հիմնավորում. լեռնահանքային արդյունաբերություն, թե` գյուղատնտեսություն: Քանի որ հանքավայրերի պաշարները անսպառ չեն, լեռնահանքային ձեռնարկության գործունեությունը ժամանակավոր է, ուստի եկամտի միակ հիմնական աղբյուրից զրկված մարդիկ կլքեն իրենց աղտոտված բնակավայրերը: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Միաժամանակ ելույթ ունեցողները նշեցին հանրային քննարկումները հարակից համայնքներում ևս անցկացնելու անհրաժեշտության մասին. Մեղրու տարածաշրջանի բնակչությունը պետք է մասնակցի քննարկումներին` օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ և Օրհուսի կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքներից:
Քննարկման մասին տեղեկատվություն կարող եք գտնել «ՍՈՍԻ» հեռուստատեսության կայում.
ԱշոտԱվագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru