2,997 view

Օրհուսի կոնվենցիայի դրույթների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ Վայոց ձորի համայնքներում

29.05.2015
Շարունակելով աջակցել Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը՝ Եղեգնաձորի Օրհուս կենտրոնը մայիս ամսին ՏԻՄ-երի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ Եղեգնաձոր, Ջերմուկ և Աղնջաձոր համայնքներում:
Շեշտադրելով ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրականացնում է պետական կառավարման մարմինների, ՏԻՄ-երի ու պաշտոնատար անձանց միջոցով, մասնակիցներն իրազեկվել են ՏԻՄ-հասարակություն

փոխհամագործակցության կարևորության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության ապահովման, հասարակական շահերի պաշտպանության իրենց իրավունքների մասին:

Տեղեկանալով, թե ինչու պետք է հասարակությունը մասնակցի որոշումների կայացման գործընթացներին, ինչ է սահմանում Օրհուսի կոնվենցիան արդարադատության մատչելիության վերաբերյալ, իչպես ստանալ տեղեկատվություն և որոնք են տեղեկատվության աղբյուրներն ու տիրապետողները, լսարանը առաջին հայացքից միայն համայնքներում առկա խնդիրներն էր առաջ քաշում:

Սակայն, ցույց տալով ժողովրդավարական հասարակարգի մոդելը, մատնանշելով քաղաքացիական ակտիվության կարևորությունը, հոտևողականության ու պահանջատիրության սկզբունքը՝ մասնակիցներն առավել հետաքրքրվածությամբ սկսեցին հարցեր բարձրացնել ու լուծման ուղիներ առաջարկել:

Քանի որ ՏԻՄ-երի ու հասարակության իրազեկվածության մակարդակը դեռևս գոհացուցիչ չէ, ՏԻՄ-երի ու հասարակության միջև փոխհամագործակցությունը համատարած բնույթ չի կրում, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի կողմից կշարունակվի նմանատիպ միջոցառումների կազմակերպումը Վայոց ձորի այլ համայքներում ևս:

Նարեկ Բեգլարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 055 40 30 18
Էլ- փոստ. info_yeghegnadzor@aarhus.am, narekbeg@yahoo.com