2,929 view

Իրազեկման միջոցառում Բերդկունք և Ծովազարդ համայնքներում

27.05.2015
Մայիսի 19-ին և մայիսի 25 –ին Գավառի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ Բերդկունք և Ծովազարդ համայնքներում կազմակերվեցին քննարկումներ ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար` Օրհուսի կոնվենցիայով և ազգային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների մասին: Քննարկումներին մասնակցեցին երկու գյուղապետարանների ներկայացուցիչները, ավագանու անդամները, համայքնի բնակիչներ և ակտիվ երիտասարդներ: Օրհուս կենտրոնների միջոցով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման

կարողությունների հզորացմանը միտված ծրագրի ղեկավար, «Բլեջան» ՀԿ ղեկավար Լիաննա Ասոյանը պրեզենտացիայի միջոցով ներկայացրեց ՀՀ ազգային օրենսդրության մեջ շրջակա միջավայրին ու բնապահպանությանը վերաբերող տեղեկատվություն, ապա խոսեց ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիաների մասին: Օրենսդրությամբ ամրագրված ՏԻՄ-ի և հասարակության պարտավորությունների մասին հանգամանալից տեղեկանալը բազմաթիվ հարցեր առաջացրեց մասնակիցների շրջանում:

Բերդկունքում այդ պահին հրատապ հնչեց այն հարցը, որ գյուղի հիմնական եկամտի աղբյուրը համարվող մեղվաբուծության համար լուրջ վտանգ է իրենից ներկայացնում մեղվակերը: Այդ թռչնատեսակը ոչ միայն փեթակների մոտից, այլ նաև օդում որսում է մեղուներին, ինչի հետևանով մեղուների համատարած ոչնչացում է նկատվում: Բնակիչները մտահոգված էին նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված այդ թռչունների համար: Նրանք դիմեցին Լիաննա Ասոյանին՝ խնդրի լուծումը գտնելու համար: Վերջինս խոստացավ օգնել մասնագետների միջոցով, փրկել մեղուներին առանց մեղվակերներին վնասելու: Նա անմիջապես կապ հաստատեց թռնչնաբան-բնաբան Սիլվա Ադամյանի հետ, ով նշեց, որ կարող է տրամադրել թռչունի ձայնով ձայանագրություն, որի միջոցով հնարավոր է կանխել մեղվակերների մուտքը փեթակներ:

Ծովազարդում միջոցառմանը մասնակցեց նաև Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը: Այստեղ բնակիչներին հուզում էր համայնքում առկա աղբահանության խնդիրը: Գյուղը չունի աղբավայր: Խնդրի լուծման համար բյուջեի հնարավորությունները սուղ են: Ճանապարհին մենք ականատես եղանք բազում աղբակույտերի տնամերձերում, ինչն արդեն իսկ կարող է առողջապահական լուրջ խնդիրներ առաջացնել բնակիչների համար:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև համայնքների խոշորացման ծարգրերի մասին, երկու համայնքներում էլ դժգոհություն արտահայտեցին նախաձեռնության վերաբերյալ:

Ներկաները բարձր գնահատեցին իրազեկման միջոցառումների անցկացումը և համայնքի խնդիրների վերհանումը: Կարևորվեց Օրհուս կենտրոնի հետ համագործակցությունը, միասնականությունը, և՛ համայնքի խնդիրների, և՛ իրենց իրավունքների պաշտպանության հետևողականությունը:

Մարինե Մազմանյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. .(+374) 264 61511
Էլ. փոստ՝ info_gavar@aarhus.am