3,130 view

Հասարակական լսումներ Սևանում փորձնական մոդելային ցանցավանդակային տնտեսության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ

25.05.2015
Մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի ունեցան հասարակական լսումներ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից ներկայացված փորձնական մոդելային ցանցավանդակային տնտեսության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
Քննարկման սկզբում ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետ Հ. Մկրտչյանը տեղեկացրեց,որ սա այն փուլն է, երբ իրենք հաշվի են առնելու հիմնավոր առաջարկները, թե՛ գրավոր, թե՛ բանավոր, որպեսզի մշակվի ծրագրի ամբողջական գնահատման

հաշվետվություն և որ իրենց կողմից կանխորոշվում է ծրագրի իրականացումից հնարավոր ազդեցության շրջանակները: Նա ներկայացրեց քննարկման նպատակը, այն է, հաշվի առնել որպես ազդակիր համայնքի՝ Կարճաղբյուրի բնակիչների առաջարկներն ու դիտողությունները, որպեսզի կարողանան ռազմավարական գնահատման հաշվետվության մեջ ներառել և արձանագրել:

Կից կարող եք տեսնել լսումների արձանագրությունը՝ կազմված նախաձեռնողների կողմից, որում զետեղված որոշ տեղեկատվության հետ լսումներին մասնակից Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողները համամիտ չեն: Օրինակ նշված է, թե իբրև որոշվել է հավանություն տալ ծրագրի նախնական հայտին: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանի խոսքով նման հարցադրում չի էլ եղել: Նրա համոզմամբ հավանություն տալու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք հարցերի լիարժեք պատասխանները, օրինակ՝ ոչ մի խոսք չի հնչել նախորդ պիլոտային ծրագրի ամբողջական արդյունքների մասին, որոնք Հ. Մկրտչյանի խոսքով նախկինում տրամադրվել են հանրությանը, սակայն նշված տեղեկատվությունն ամբողջական չէ և հանրայնացված չէ. աղյուսակով ներկայացված թվերից նեղ մասնագետները միայն կարող են գլուխ հանել:

«Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Գևորգյանը ներկայացրեց ծրագիրը, այնուհետև պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին: Նա նշեց, որ այս գործունեությունը կնպաստի նաև ձկնագողության վերացմանը, քանի որ երբ ձկան քանակը լճում ավելանա, ձկնորսները կարող են թույլտվություն ձեռքբերել, ձուկ որսալ ու հանձնել գործարանին մթերման: Գյուղացիներն էլ հարց բարձրացրին, թե նման բան պլանավորվա՞ծ է արդյոք, քանի որ իրենք պետք է հաստատ իմանան, թե ինչ է իրենց սպասվում ապագայում: Է. Գևորգյանը հավաստիացրեց, որ նման բան նախատեսվում է՝ հույս հայտնելով, որ անգամ արտերկիր մեկնած ձկնորսները կվերադառնան: Այդուհանդերձ տեղաբնակները հայտնեցին իրենց մտավախությունը՝ կապված ապագայում ձկնորսության հնարավորության հետ, քանի որ համոզված են, որ ձկնաբուծությունն ու անարգել ձկնորսությունն անհամատեղելի են: Հարցին, թե ինչ է շահելու համայնքը նախագծի իրականացման արդյունքում, «Սևանի իշխան» ընկերության գլխավոր տնօրենը հավաստացրեց, որ շուրջ 300 աշխատատեղ, վերանորոգված ավտոճանապարհներ, ջրագծի անցկացում:

Գյուղացիները նշեցին, որ Սևանա լճի ավազանի բոլոր կեղտաջերերը լիճն են թափվում, ինչը հազարավոր հիվանդությունների առաջացման ռիսկ է պարունակում, միթե՞ իրենք պատրաստվում են նման միջավայրում ձուկ բուծել և արտահանել Եվրոպա: Էդվարդ Գևորգյանը տեղեկացրեց, որ առաջարկել են գույքագրել Կարճաղձյուր գետի ափին գտնվող տնտեսությունները, որոնց կեղտաջրերը գետն են լցվում, որպեսզի հեռացնեն դրանք, իսկ թե ո՞ւր, Էդվարդ Գևորգյանի խոսքով կամ իրենց գործարանի մաքրման կայան, կամ էլ ըստ անհրաժեշտության նորը կկառուցեն:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողի խնդրանքով ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետը ներկայացրեց նախագծի ռիսկերը, որոնցից հիմնականը կապված է կիրառվելիք կերի բաղադրության հետ, մոնիթորինգային միջոցառումների պարտադիրության հետ, բուժանյութերի հետ:

Ավարտին «Սևանի իշխան» ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ Սևանում ձկնաբուծությունը ժամանակավոր բնույթ է կրելու և միտված է լճի խնդիրների լուծմանը՝ աշխարհին հայտնի եղանակով՝ լճի ռեսուրսի կեսն օգտագործելով դրանք նորից վերադարձնել լճի պահպանությանը: Սակայն այս հավաստիացումն այնքան էլ համոզիչ չէր, քանի որ մինչ օրս Հայաստանում բիզնես շահերը վերադասվել են բնապահպանությանը ու գերշահագործում է տեղի ունեցել (որպես թարմ օրինակ հաշված տարիների ընթացքում հազարամյակներով ձևավորված Արարատյան արտեզյան ավազանի ոչնչացումը):

Այս օրերին Գավառի Օրհուս կենտրոնը նախաձեռնել է լրացուցիչ իրազեկման միջոցառումներ, քննարկումներ, խորհրդակցել մասնագետների հետ, հավաքագրել առաջարկություններ ու ներկայացրել դրանք Բնապահպանության նախարարության ուշադրությանը:

Լսումների ընթացքը կարող եք դիտել AarhusTV-ում http://aviplatform.com/media.details.php?member_id=185&type=video:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ.՝ (+374) 93991212
Էլ. փոստ. aarhusnews@gmail.com