2,315 view

Արարատի ցեմենտի գործարանի ազդեցության գոտում գտնվող համայնքները փոխհատուցում չեն ստանում

21.05.2015
Մայիսի 18-ին Արարատի մարզի Արմաշ և Այգավան համայնքներում Արարատի և Երևանի Օրհուս կենտրոնների համակարգողները անցկացրեցին իրազեկման միջոցառում` ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար` Օրհուսի կոնվենցիայով և ազգային օրենսդրությամբ իրենց պարտավորությունների մասին:
Դասընթացի սկզբում համակարգողները ներկայացրին, թե ինչ է իրենից ներկայացնում Օրհուսի կոնվենցիան, երբ է Հայաստանն այն վավերացրել և որոնք են հիմնական հենասյուները:

Շնորհանդեսի միջոցով երկու համայքներում էլ ներկայացվեց հասարակության մասնակցության կարևորությունը բնապահպանական որոշումներ կայացնելու գործընթացում:

Համակարգողները խոսեցին նաև Օրհուս կենտրոնների առաքելության և գործունեության մասին: Այնուհետև քննարկումներ ծավալվեցին առկա բնապահպանական խնդիրների շուրջ: Ներկաներին խորապես հուզում էր օդի աղտոտվածության խնդիրը, որի հիմնական աղբյուրը Արարատ քաղաքում գործող ցեմենտի գործարանն է: Քննարկումների ընթացքում պարզվեց, որ ոչ Արմաշ համայնքը, ոչ էլ Այգավանը չեն ստանում մասհանումներ ցեմենտի գործարանի կողմից վճարվող բնապահապանական վճարներից, չնայած, որ գործարանի անմիջական ազդեցության գոտում են գտնվում:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն համայնքները, որոնք գտնվում են աղտոտող ձեռնարկության անմիջական ազդեցության գոտում, համարվելով տվյալ աղտոտումից ազդակիր համայնքներ, աղտոտող ձեռնարկության կողմից վճարվող բնապահպանական վճարներից կարող են ստանալ նպատակային միջոցներ և օգտագործել տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Պարզվեց, որ երկու համայքն էլ ներգրավված չեն որպես ազդակիր համայնք, ավելին ՏԻՄ ներկայացուցիչները նույնիսկ տեղեկացված չէին, որ նման հնարավորություն կա:Համաձայն 2012-2016թթ. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի սուբվենցիայի տրամադրման վերաբերյալ տեղեկանքի Արարատի մարզից, ազդակիր համայնքների ցանկում ընդգրկված է միայն Արարատ քաղաքը, մինչդեռ գործարանի փոշուց զուրկ չեն մնացած հարակից համայնքները: Համակարգողները պատրաստակամություն հայտնեցին օգնել անհրաժեշտ քայլերի ձեռնարկման գործում, որպեսզի այդ համայնքներն նույնպես ընդգրկվեն ազդակիր համայնքների ցանկում:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ` info_ararat@aarhus.am

Սիլվա Այվազյան
Երևանի Oրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ` info@aarhus.am