2,964 view

Հայաստանի Օրհուս կենտրոնների և ԱՌՆԱՊ հիմնադրամի համագործակցությունն այսօր ամրագրվեց հուշագրով

20.05.2015
Հայաստանի Օրհուս կենտրոնների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համագործակցությունն այսօր ամրագրվեց փոխհամագործակցության հուշագրով, որը միտված է նպաստելու ամրակուռ համագործակցության ձևավորմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Փաստաթուղթը Օրհուս կենտրոնների համակարգողների կողմից լիազորված էր ստորագրելու «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը բնապահպանական խնդիրները լուծելու գործում` ամրապնդելով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման

կարողությունները» ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանը, իսկ ԱՌՆԱՊ-ի կողմից` հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:

Այս երկու կառույցների միջև ԱՌՆ ոլորտում ակտիվ համագործակցության գործընթացը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերից` ԵԱՀԿ ու ՄԱԶԾ համագործակցությամբ իրականացվող «Օրհուս կենտրոնների կարողությունների հզորացում` աղետների ռիսկերի նվազեցման հարցում տեղական համայքների իրազեկումը բարձրացնելու նպատակով» ծրագրի շրջանակներում: Սույն ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ճգնաժամային կառավարման ակադեմիան և այլ շահագրգիռ կառույցներ: Այն միտված էր համայնքային մակարդակում տարաբնույթ աղետների ռիսկերի նվազեցմանը: Ծրագրի շրջանակներում մշակվել է Օրհուս կենտրոնների կարողության զարգացմանն ուղղված հայեցակարգ և գործի է դրվել համատեղ գործողությունների ծրագիր: Որպես ծրագրի շարունակություն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի 4 մարզերի (նախնական տեղեկատվության համաձայն Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք մարզերի) մի շարք համայնքների դիմակայունության գնահատում է իրականացվելու: Գործընթացի նպատակն է, որ Աղետների ռիսկի նվազեցման բաղկացուցիչը համայնքները ներառեն իրենց ռազմավարական պլաններում, ինչի շնորհիվ զգալի տեղաշարժ կարձանագրվի դիմակայուն համայնքներ ունենալու գործում:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ. փոստ aarhusnews@gmail.com