2,962 view

Ջրի սանիտարահիգիենիկ խնդիրներ և ջրի արդյունավետ օգտագործում

19.05.2015
Օրհուս կենտրոնների աջակցությամբ «Ջրի սանիտարահիգիենիկ խնդիրներ և ջրի արդյունավետ օգտագործում» թեմայով սեմինարներ տեղի ունեցան Ստեփանավանում և Արարատում: Մասնակցեցին ՏԻՄ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ, Ստեփանավանի Գյուղատնտեսական քոլեջի դասախոսներ, ուսուցիչներ, բնակիչներ: Սեմինարներն անցկացվեցին Ասիական զարգացման Բանկի ֆինանսավորմամբ ՀՀ բնակավայերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում՝ «ՀԳՇՆ» կազմակերպության կողմից:

Հասարակության հետ կապերի փորձագետ Հասմիկ Ասլանյանը, ներկայացնելով ընդհանուր ծրագիրը, նշեց, որ ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընդանում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների նյութափոխանակությունը, ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուրը:

«Ջրի սանիտարահիգիենիկ խնդիրներ և ջրի արդյունավետ օգտագործում» թեմայով ելույթ ունեցավ մանրեաբան, համաճարակաբան, կենսաբանական գիտ. թեկնածու Արմինե Մարգարյանը՝ ներկայացնելով ջրի որակը որպես առողջ ապրելակերպի հիմք: Խոսեց ջրի արդյունավետ օգտագործման և մի քանի վտանգավոր հիվանդությունների մասին, որոնք կարող են առաջանալ ջրի միջոցով: Ըստ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալների ինֆեկցիոն բնույթի բոլոր հիվանդությունների առաջացման 80%-ը պայմանավորված է ջրային գործոնով, որը կապված է ջրամատակարարման սանիտարահիգիենիկ նորմերի խախտման և խմելու ջրի անբավարար որակական ցուցանիշների հետ:

Ցավալի էր իմանալ, որ 21-րդ դարում դեռևս կան մաքուր և խմելու ջրից զուրկ բնակավայրեր: Ըստ ներկայացվող տվյալների 748 մլն մարդ աշխարհում զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից և դրանց մեծ մասը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ են:

Դասընթացների վերջում բանախոսները ներկայացրեցին նաև «Հայջրմուղկոյուղի» ՍՊԸ-ի կողմից կատարվող աշխատանքները՝ կապված ջրի որակի հսկողության, վարակազերծման, ջրաչափերի տեղադրման հետ:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ. info_ararat@aarhus.am

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ manya_lore@yahoo.com