2,795 view

«Ինչպես մասնակցել բնապահպանական որոշումների կայացման գործընթացին». դասընթաց Արմանիսում

19.05.2015
Մայիսի 15-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը Արմանիս գյուղում կազմակերպեց դասընթաց «Ինչպես մասնակցել բնապահպանական որոշումների կայացման գործընթացին» թեմայով, որին մասնակցում էին Արմանիսի ՏԻՄ-ի ներկայացուցիչները, գյուղի դպրոցի մանկավարժներ, ակտիվիստներ: Սեմինարի կազմակերպումը կարևոր էր իրականացնել Արմանիսում, քանի որ այս գյուղում վերջին տարիներին ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրին, հանրության իրավունքների պաշտպանությանը: Օրհուս կենտրոնի համակարգողը ներկաներին ծանոթացրեց Օրհուսի կոնվենցիայի դրույթներին,

մասնավորապես որոշումների կայացմանը հասարակության մասնակցության հարցերին, թե ինչ հնարավորություններ է տրված քաղաքացիներին` ներկայացնելու որոշման առնչությամբ իրենց հայացքները, դիրքորոշումը և կարծիքները, հետևողական լինել վերջնական որոշման մեջ դրանք ներառելու հարցում:

Դասընթացավարը նշեց, որ մասնակցությունը հնարավորություն է տալիս.
-համապարփակ տեղեկատվություն ստանալ շրջակա միջավայրի վրա այս կամ այն նախագծի ազդեցության մասին,
-հաշվի առնել տեղական պայմանների առանձնահատկությունները և որոշել նախագծի հնարավոր թերությունները,
-հաշվի առնել տեղի բնակչության կարծիքը:

Ներկայացմանը հետևեցին մասնակիցների տարաբնույթ հարցերը` թարմ օրինակների հիման վրա. «Ինչո՞ւ Արմանիսի բնակիչները չկարողացան ծանոթանալ հանքի ընդլայնման ՇՄԱԳ փաստաթղթի հետ, ինչո՞ւ քաղաքապետարանը այդ հարցում չօգնեց բնակիչներին, ի՞նչ վնասներ է սպասվում հանքի ընդլայնումից, ի՞նչ է սպասվում ապագա սերունդներին, ու եթե հողերն էլ վաճառվեն, ապա ինչպե՞ս են ապրելու հետագայում»:
Այսօր իրավ Արմանիսի բնակիչներն ունեն բազմաթիվ անպատասխան հարցեր, խնդիրներ և իրենց շահերի պաշտպանության քայլեր իրականացնելու կարիք:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ manya_lore@yahoo.com