2,756 view

Իրազեկման նպատակով այցելություն Արագած համայնք

20.05.2015
Մայիսի 15 – ին, կարտոֆիլի քաղցկեղ սնկային հիվանդության տարածումը կանխարգելելու` համայնքի բնակիչներին իրազեկելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով, Օրհուս կենտրոնի և Ապարանի ԳԱՄԿ-ի (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) նախաձեռնությամբ կազմակերպվեց այց Արագած համայնք:

Հիշեցնենք, որ 2014թ. աշնանը այս համայնքում արձանագրվել էր կարտոֆիլի քաղցկեղ սնկային հիվանդության բռնկում:

Այցի սկզբում տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավարի հետ, առանցքային թեման կարտոֆիլի հիվանդությունն էր:

Համայնքապետը ներկայացրեց համայնքում կարտոֆիլի հիվանդության տարածումը կանխելու նպատակով իրականացված միջոցառումները: Նրա ներկայացմամբ հիվանդության բռնկման պատճառն անբավարար ցանքաշրջանառության կիրառումն է եղել, միևնույն ժամանակ՝ պատահական աղբյուրներից տնկանյութի ձեռքբերումը: Աշնանը Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արագածոտնի մարզային կենտրոնի և ԳԱՄԿ-ի մասնագետների հսկողությամբ վարակված հողակտորներից ստացված կարտոֆիլի մնացորդները (պոլիէթիլենային պարկերով) տեղափոխվել են գյուղից 3 կմ հեռավորության վրա և թաղվել նախօրոք պատրաստված խորը խրամատներում։

Քաղցկեղի հետագա տարածումը կանխելու նպատակով համայնքում իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Մասնավորապես, արգելվել է վարակված հողամասերում հինգ տարվա ընթացքում աճեցնել կարտոֆիլ և արմատապտուղներ: Այժմ այդ հողամասերում մշակում են հացահատիկային կուլտուրաներ: Բացի այդ, պարբերաբար ախտահանվում են օգտագործված գյուղգործիքները և արտահագուստը։ Հիվանդության կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքները շարունակվում են։

Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում գյուղի բնակիչների հետ, որոնց ԳԱՄԿ-ի մասնագետի կողմից տրամադրվեց հիվանդության կանխարգելմանը վերաբերող խորհրդատվություն և տեղեկատվական թերթիկներ:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Հեռ.՝ (+374) 94 22-49-26
Էլ. փոստ. aarhusaparan@mail.ru, info_aparan@aarhus.am