3,030 view

«Օրհուսի կոնվենցիան և հանքարդյունաբերությունը» թեմայով դասընթաց Կոտայք և Կապուտան համայնքերում

16.05.2015
Օրերս Հրազդանի Օրհուս կենտրոնին հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզպետարանում տեղի կունենան «Սփայս Սթիլ» ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի (Կապուտանի) երկաթի հանքավայրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հասարակական լսումներ: Կապուտանի երկաթի հանքավայրը այն երեք հանքավայրերից մեկն է (Հրազդան, Կապուտան, Սվարանց), որոնց շուրջ մեծ աղմուկ բարձրացավ դեռևս տարիներ առաջ: Խնդրով մտահոգ Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողներն ու «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամները մայիսի 15-ին այցելեցին Կոտայքի մարզի

Կոտայք և Կապուտան համայնքներ: Այցի նպատակը վերոնշյալ համայնքների գյուղապետարաններում Օրհուսի կոնվենցիան ու հանքարդյունաբերության հնարավոր վնասներն ու վտանգները ներկայացնելն էր:

Ինչպես պարզվեց այցի ընթացքում, Կապուտանի երկաթի հանքավայրը ձգվում է Կոտայք-Կապուտան մայրուղու ձախ և աջ թևերում, և բնակիչների խոսքով, ամենամոտ տունը հանքավայրից գտնվում է մոտ 100-150 մ հեռավորության վրա:

Թե՛ Կոտայք, թե՛ Կապուտան համայնքների գյուղապետարաններում մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող թեմայի նկատմամբ:

Ներկայացնելով Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնադրույթները` կենտրոնի համակարգողները շեշտը դրեցին հատկապես բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության դերի և նշանակության վրա:

Կոտայքի գյուղապետի տեղակալ Ա. Շահբազյանը քարտեզի վրա ցույց տվեց հանքի տարածքը և հեռավորությունը համայնքից` վստահ լինելով, որ հանքի շահագործման պարագայում գյուղը մեծապես վնաս կկրի:

Նույն մտահոգությամբ հանդես եկավ նաև Կապուտանի գյուղապետ Ս. Միքայելյանը` նշելով, որ կապուտանցիների 98%-ը դեմ է հանքի շահագործմանը, քանի որ կապուտանցին դարերով ապրում և արմատներով ամուր կառչած է այդ հողից, և ոչ մի պարագայում թույլ չի տա, որ գյուղի գլխին սև ամպեր կուտակվեն:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08,
Էլ. փոստ. info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru