2,953 view

Մեծ Այրում գյուղի խմելու ջրի աղբյուրից վերցված նմուշները կենթարկվեն լաբորատոր հետազոտության

15.05.2015
Ալավերդու Օրհուս կենտրոնի կամավորները, համակարգողի հետ միասին պատրաստակամություն հայտնեցին աջակցել փորձագետ Սեյրան Մինասյանին՝ Ախթալայի ԼՀԿ- ին պատկանող «Նահատակ» պոչամբարի շուրջ բարձրացված հարցերին մասնագիտական վերլուծություն տալու նպատակով: Նրանք մայիսի 14-ին եղան Ճոճկան, Մեծ Այրում, Ախթալա համայնքներում:
Ըստ անհրաժեշտության պոչամբարին հարակից տարածքում գտնվող Մեծ Այրում գյուղի խմելու ջրի աղբյուրից, ինպես նաև չորս այլ կետերից ջրի նմուշառում կատարվեց, որը պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկվի Երևանում:

Օրհուս կենտրոնի կամավորները, թեև ծանոթ էին պոչամբարների խնդիրներին, այնուամենայնիվ տեղում տեսնելով իրավիճակը, առավել կենտրոնացան հարցի վրա: Շրջակա միջավայրը, գեղեցիկ բնությունն ու մարդկանց առողջությունն ապականող թունավոր թափոնավայրերը, Ախթալայի կոմբինատի փնթի արտադրական գործելակերպն ու անհետևողականությունը բարձիթողի իրավիճակի են բերել Ճոճկան, Մեծ Այրում և Ախթալա բնակավայրերը: Բազմիցս հնչեցված պահանջների կատարման, խնդրի մասնագիտական վերլուծության ու հնարավոր լուծումներ գտնելու համար կամավորները փորձում են այս կերպ իրենց ներդրումն ունենալ:

Գիտակցելով խորհրդային տարիներից ժառանգություն ստացած պոչամբարների ռեկուլտիվացիայի հրատապությունը՝ երիտասարդները կարևորում են մասնագիտական ճիշտ մոտեցումները, որպեսզի կարողանան պահաջատիրության իրավունքով հստակություն մտցնել այս գործընթացում:

Վստահություն չներշնչող Ախթալայի ԼՀԿ-ն թեև նախատեսում է նոր պոչամբարի կառուցմում Նահատակի ձորում և բնապահպանական լուծումների լուրջ մոտեցումների խոստումներ տալիս, ամեն դեպքում խնդիրը ավելի ու ավելի է խորանում:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 60 645 295 -ներքին 191
Էլ. փոս. info_alaverdi@aarhus.am , anushevoyan@rambler.ru